Հայոց ցեղասպանություն. Թուրքիան շանտաժի է ենթարկում Իսրայելին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Հակաանվանարկման լիգայի (ADL) կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կապակցությամբ, թուրքական կառավարույթյունը Իսրայելից պահանջել է «ստիպել» ամերիկյան հրեական կազմակերպություններին ջանքեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը, հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC): «Իսրայելը չպետք է թույլ տա ԱՄՆ հրեական համայնքին փոխել դիրքորոշումը: Մենք սպասում ենք դրան եւ դա շատ կարեւոր է»,- The Jerusalem Post թերթին Իսրայելում հայտարարել է Նամիկ Թանը: Պրոֆեսոր Ջեք Նուսանը` Ցեղասպանության գիտնականների միջազգային ասոցիացիայի (IAGS) գանձապահն ու «The Genocidal Mind» եւ «Facing History and Holocaust» գրքերի հեղինակը, Թուրքիայի ճնշումը Իրսայելի վրա շանտաժ է անվանել: «Մենք հուսով ենք, որ իսրայելական կառավարությունը եւ հրեական կազմակերպությունները չեն զիջի թուրքական պետական շանտաժին եւ Թուրքիայի հրեական համայնքը որպես քաղաքական պատանդ օգտագործմանը: Նման անբարոյական կառավարության պահելաձեւը, որը հանդիսանում է իր ազգային փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների, ասորիների եւ քրդերի ճնշողը, անթույլատրելի է քաղաքակիրթ աշխարհում»,- հայտարարել է ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը:



«Ֆաշինստական եւ հակասեմիտական պետությունը, որը թույլ է տվել, որպեսզի «Mein Kampf»-ն ու «Սիոնի իմաստունների արձանագրությունները» բեսթսելերներ դառնան Թուրքիայում եւ հրեաներից հարկ է վերցնում հարստության համար, չի կարող աջակցություն ստանալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի կողմից»,- ընդգծել է նա: Արիս Բաբիկյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հրեական կազմակերպություններին եւ մարդկանց, ովքեր բարոյական եւ էթիկական խիզախություն են ցուցաբերել` աջակցելով ճշմարտությանն ու արդարությանը:



Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ում տեղակայված Հակաանվանարկման լիգան (ADL), որպես ցեղասպանություն է ճանաչել Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կոտորածը: ADL-ի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի խոսքերով, որոշումն ընդունվել է պատմաբանների եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հետ տվյալ հարցի քննարկումից հետո: «Մենք կիսում ենք Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գնահատականն այն մասին, որ 1915-1918 թվականների ողբերգականա իրադարձությունները իրոք ցեղասպանություն էր»,- ասվում է ADL-ի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---