Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Պեդրո Ալմոդովարը

Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Պեդրո Ալմոդովարը

PanARMENIAN.Net - Իսպանացի ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և գրող Պեդրո Ալմոդովարը կգլխավորի 2017-ի Կաննի կինոփառատոնի ժյուրին:

67-ամյա ռեժիսորն առաջին իսպանացին կլինի, որը կգլխավորի այդ հեղինակավոր կինոփառատոնի ժյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը Agence France-Presse-ի վրա հղումով:

«Ես շատ երջանիկ եմ, որ 70-ամյակս կնշեմ Կաննի կինոփառատոնի այդ պատվավոր պաշտոնում: Ես երախտապարտ եմ և հուզված»,-ասել է նա` մեկնաբանելով իր նշանակումը:

«Ժյուրին նախագահելը մեծ պատասխանատվություն է, հուսով եմ, որ բարձրության վրա կլինեմ: Կարող եմ հավաստիացնել, որ կնվիրվեմ այդ գործին, որը միաժամանակ և հաճույք է, և մեծ պատիվ»,-ասել է նա:

Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոնների մոտ 90 կինոմրցանակ է ստացել: Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարն ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար։ 1985 թ. եղբոր՝ Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թ. Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը։ Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը։ Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ։

1999 թ. Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, և «Օսկար» է ստանում։ 2002 թ. նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում «Օսկար» լավագույն սցենարի համար անվանակարգում։ 2006 թ. նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Քրուզ, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե։

2011 թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---