Հայաստանում առաջին անգամ համակարգչային անվտանգության մրցույթ կանցկացվի

Հայաստանում առաջին անգամ համակարգչային անվտանգության մրցույթ կանցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝ Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, կկայանա փետրվարի 4-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:

Capture the Flag -ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե անհատական, թե թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ctf.1gsecurity.com/# :

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ՏՏ ոլորտի զարգացման բոլոր կարևորագույն ուղղություններին:

ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և Կապանի կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, և այլն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---