Միլս. Քառօրյա պատերազմն ուրվագծեց ազգային անվտանգությունում կոռուպցիայի ազդեցությունը

Միլս. Քառօրյա պատերազմն ուրվագծեց ազգային անվտանգությունում կոռուպցիայի ազդեցությունը

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջև կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն: Նման միտք է արտահայտել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանն ունեցած իր ելույթում՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար պարտադիր չէ պաշտոնյային կաշառք ստանալիս բռնացնել, բավական է հայտարարագրերը նայել:

«Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Ամենևին չեմ ուզում ասել, որ դա իմ շնորհիվ է, բայց այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին», - ասել է նա:

Այնուհանդերձ, դեսանի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք:

«Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ», - նշել է դիվանագետը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությանը, որի մասին հրապարակավ ասել է, դեսպանը ՀՀ կառավարության քննությանը ներկայացրեց 2 կոնկրետ առաջարկ. «Նախ՝ առաջարկում եմ ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»:

Դեսպանի մյուս առաջարկն էլ այն էլ այն է, որ կառավարությունը պետք է ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծի, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Ռիչարդ Միլսն անդրադառնալով դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք հակակոռուպցիոն խորհրդի համար ԱՄՆ ՄԶԳ-ի՝ մոտ 800 հազար դոլար ֆինանսավորմանը, հիշեցրեց, որ այս ֆինանսավորումը մեր հանրության շրջանում միանշանակ չընդունվեց ր խիստ քննադատվեց. «Ի պատասխան մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական հաստատության հետ, որը հանդես է բերում կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն, բայց դրա հետ մեկտեղ մեր շարունակական աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին պայմանավորված էր չափելի կամ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Քանի որ մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5%-ից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին. մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ մենք կարիք ունենք տեսնել առաջընթաց Խորհրդի կողմից, ր ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել Խորհուրդը ր վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում Խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---