SIAC-Marseille 2017 ժամանակակից արվեստի ցուցահանդեսում ՀՀ-ից 4 կտավ կներկայացվի

SIAC-Marseille 2017 ժամանակակից արվեստի ցուցահանդեսում ՀՀ-ից 4 կտավ կներկայացվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքի Parc Chanot սրահում կայանալիք SIAC-Marseille 2017 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Հայաստանից կմասնակցի նկարիչ, «Դանիելյան» արվեստի կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արամ Դանիելյանը:

Ցուցահանդեսը Ֆրանսիայում և Եվրոպայում նշանալի իրադարձություն է համարվում արվեստի ասպարեզում։

«Լինելով Ֆրանսիայի MONDIAL Art Academia-ի անդամ, առաջարկը ստացել եմ հենց նրանց կողմից. ակադեմիան ցուցահանդեսին ներկայանում է իր մի քանի մասնակցով: Սակայն, դա ինձ չի խանգարում ներկայանալ հենց Հայաստանի կողմից», - PanARMENIAN.Net ին հայտնեց Դանիելյանը։

«Դինամիկա», 2016

Ցուցադրվող աշխատանքները չորսն են՝ «Կարմիր երկինք», «Դինամիկա», «Քաղաք» և «Գարնանային զբոսանք» անվանումներով:

«Կարմիր երկինք» աշխատանքը նվիրվում է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նկարիչը նաև տեղեկացրեց, որ մարտի 14-ին Մարսելից մեկնում է Ժնև և Ցյուրիխ՝ քննարկելու տեղի երկու պատկերասրահի առաջարկները։

«Ունեմ առաջարկ նաև մասնակցել Art Amsterdam-2017 միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա օգոստոս ամսին Ամստերդամում», - հայտնեց Դանիելյանը։

«Քաղաք», 2016

Նկարիչ Արամ Դանիելյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին ՀՀ Կապան քաղաքում, նկարիչ Հրանտ Դանիելյանի ընտանիքում: Ավարտել է Կապանի արվեստի դպրոցը, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:

Առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 2000-ին՝ Ջ. Բայրոնի անվան գրադարանում, Երևան: 2005-ին մասնակցել է «Բազե» միջազգային երիտասարդական փառատոնին: 2006-ին մասնակցել է ՌԴ Նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսին, Մոսկվա: 2006-ին դարձել է ՌԴ Միջազգային ֆեդերացիայի նկարիչների միության անդամ: Տարբեր տարիներին ներկայացել է Նիժնի Նովգորոդի ցուցահանդեսներում, այդ թվում՝ անհատական ցուցահանդեսով 2009-ին:

2012-ին՝ մշտական ցուցահանդես «Լիլի Մարտին» պատկերասրահում (Հոլդեն, Նորվեգիա), 2014-ին՝ խմբակային ցուցահանդես Լոս Անջելեսի «Սպարտա» պատկերասրահում, 2015-ին՝ նկարիչների միջազգային EXPO «Արվեստ EXPO 2015», Երևան, 2015-ին՝ Արվեստի փառատոն (ArtFest), Երևան, 2015-ին՝ «Գրաֆիկա» hանրապետական ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում, 2015-ին՝ անհատական ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում, 2015-ին՝ «Կոմպոզիցիա» hանրապետական ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում, 2015 Mondial Art Academia-ի անդամ, 2016՝ խմբակային ցուցահանդես Galerie De Columbier ցուցասրահում Summer Motion փառատոնի շրջանակներում ( Ֆրանսիա, Փարիզ) , 2016՝ մշտական ցուցադրություն (Artevistas Gallery, Բարսելոնա, Իսպանիա), 2016՝ միջազգային ցուցահանդես St Barth Art Fair ֆրանսիական Սեն Բարթ կղզու Գուստավիա մայրաքաղաքում:

2017-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է «Արշիլ Գորկի» մեդալով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---