ԶԼՄ-ներ. Էր Ռիադը հրթիռակոծվել է

ԶԼՄ-ներ. Էր Ռիադը հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - Հրթիռային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին: Ըստ տեղեկությունների, «Բորկան-1» հրթիռը խոցել է քաղաքից դեպի արևմուտք գտնվող Մազախիմիա ռազմակայանը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, գրում է Lenta.ru-ն «Ալ Մասդար» պարբերականի վրա հղումով, որը լույս է տեսնում ԱՄԷ-ում:

Սաուդյան իշխանությունները հերքումով են հանդես եկել` հայտարարելով, որ դղրդոցն ու բռնկումները լոկալ երկրաշարժի կամ երկնաքարի անկման հետևանք են: Ըստ որոշ տվյալների, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ըստ ապստամբ հուսիթների, հրթիռը, որը խորհրդային արտադրության P-17 արտահանման համար նախատեսված տարբերակի ձևափոխված տեսակն է, արձակել են Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ նախկին զինվորականները: Սա առաջին հարվածը չէ Սաուդյան Արաբիային: 2016-ի սեպտեմբերին «Բորկան-1» հրթիռն արդեն թիրախ էր խոցել սաուդյան Տաիֆ քաղաքում: Դրանից հետո հուսիթները հայտարարել էին, որ հաջորդ թիրախն Էր Ռիադն է լինելու:

Սաուդյան Արաբիան գլխավորում է կոալիցիան, որը փորձում է Եմենում իշխանության բերել նախկին սուննի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին: Նրան դիմակայում է հուսիթների մարտական թևը` «Անսար Ալլահ» շիաների շարժումը և բանակի այն մասը, որը հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին: Երկրում նաև ակտիվ են ահաբեկչական խմբավորումները, այդ թվում ԻՊ-ն, «Ալ Քայիդան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---