Վարչապետը՝ ԱԻ նորանշանակ նախարարին. Նվազեցրեք սեյսմիկ ռիսկը, զարգացրեք աղետների ազդարարման համակարգը

Վարչապետը՝ ԱԻ նորանշանակ նախարարին. Նվազեցրեք սեյսմիկ ռիսկը, զարգացրեք աղետների ազդարարման համակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարվել է կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը: Այս մասի տեղեկացվել է փետրվարի 6-ին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տոնոյանին:

ՀՀ նախագահի որոշման համաձայն Դավիթ Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ որոշմամբ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է 2016-ից ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա իրականացնել և ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորումն ու դրանց առջև դրված խնդիրները:

«Ակնկալում ենք կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում:

Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նա հավելել է, որ նպատակն է այդ համակարգը ներդնել ու փորձարկել 10 համայնքում, այնուհետև շարունակական ծրագրերի միջոցով այն տարածել այլ համայնքների վրա:

Վարչապետը հանձնարարել է ընդլայնել կամավորական փրկարարական կազմավորումների գործունեությունն ու կարևորել կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումն ու դրանց աշխատանքների ընդլայնումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը:

Կարապետյանը կարևորել է նաև պետական պահուստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, հնարավոր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողության սահմանումը, այդ թվում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների ռեակտիվ ներգործության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրի մշակման աշխատանքների և դրանց մոնիթորինգների իրականացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---