Թուրք գրող. Ուզում էի կամուրջներ կառուցել, փոխարենը դատվեցի Ցեղասպանությունը հիշատակելու համար

Թուրք գրող. Ուզում էի կամուրջներ կառուցել, փոխարենը դատվեցի Ցեղասպանությունը հիշատակելու համար

PanARMENIAN.Net - Ճանաչված թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքը The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարի փորձերի մասին։ Դրանք սկսվել են Թուրքիայում իր` «Ստամբուլի բիճը» (The Bastard of Istanbul) հայտնի վեպի հրապարակումից հետո։

Վեպում արծարծվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեման։

«Ստամբուլը հակամարտությունների ու հակադրությունների քաղաք է: Մեր պատմությունը լի է խզումներով, և ամեն նոր եկող իշխանություն սկսում է ջնջելով նախորդ վարչակազմի ժառանգությունը։ Ես գրում էի ազգային փոքրամասնությունների մասին և ցանկանում էի անդրադառնալ անցյալ հարյուրամյակի անպատմելի ողբերգությանը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, կիսել ժողովրդի հետ այդ ցավն ու փորձել կամուրջներ կառուցել»,- ասել է Շաֆաքը, հայտնում է «Sputnik-Արմենիան»։

Գրողի խոսքով՝ 2006-ին իր գիրքը սկսել է լայնորեն ընթերցվել ամբողջ Թուրքիայում, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը, իսկ իր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար։ Հեղինակին դատապարտում էին այն բանի համար, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով` երկու մեղադրանքներն էլ հանվում են Շաֆաքի վրայից։

Դատավարությունը տևել է մոտ 1 տարի։

«Փողոցներում մարդկանց խմբերն այրում էին ԵՄ-ի դրոշն ու թքում իմ լուսանկարների վրա։ Չնայած նրան, որ ինձ դատարանում արդարացրին, դա շատ ծանր ժամանակ էր։ Ես ստիպված էի միշտ շրջել թիկնապահի հետ»,- պատմել է Շաֆաքը։

Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն։ Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---