Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում ADL-ին սատարել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին

PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելերը նամակ է հղել Հակադիֆամացիոն լիգայի` ADL-ի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանի հրեական համայնքը մեծ հետաքրքրությամբ է հետեւում վերջին իրադարձություններին: ADL-ը հստակ, ամուր դիրքորոշում է որդեգրել եւ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Ձեր որոշումը: Այս աշխարհում ցանկացած ցեղասպանություն, կատարված այս կամ այն ժողովրդի դեմ, չպետք է չճանաչված կամ անպատիժ մնա: Մեր համայնքի անունից ես, այնուամենայնիվ, ցանկանում եմ փոխանցել Ձեզ մեր խորին ափսոսանքն այն առիթով, որ ADL-ը աջակցություն չի հայտնում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Մեր համայնքը լիովին կողմ է այս օրինագծին, որը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին «երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը համապատասխան ըմբռնում եւ նրբանկատություն ցուցաբերի մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում գրանցված Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ այլ հարցերում»:



Մենք պետք է հանդես գանք ոչ միայն մեր անունից, այլ նաեւ նրանց անունից, ում ձայնը լսելի չէ: ADL-ի աջակցությունը 106-րդ բանաձեւին շատ կարեւոր է եւ շատ ավելի վառ եւ համոզիչ օրինակ կծառայի բոլոր նրանց համար, ով հանդգնում է ժխտել Ցեղասպանությունը: Առանց այդ բանաձեւին սատարելու, ADL-ի դիրքորոշումը պարզ չէ եւ բացահայտ չէ, այն քողարկում է հանդիսանում նրանց համար, ով ժխտում է, եւ նույնիսկ նրանց համար, ով իրագործում է ցեղասպանություն: Մենք հուսով ենք, որ Հակադիֆամացիոն լիգան բացահայտորեն կաջակցի այս կարեւոր օրինագծին:



Բոլորը պետք է հստակ հասկանան, որ այն պատճառով, որ Հայոց ցեղասպանությունը չստացավ պատշաճ համընդհանուր ճանաչում եւ համապատասխան քայլեր չձեռնարկվեցին հետագայում նման ողբերգության կանխման համար, ճանապարահ հարթվեց Հիտլերի համար, որը վայրագություններ կատարեց մեր ժողովրդի դեմ: 106-րդ բանաձեւի ընդունումը եւս մեկ քայլ է դեպի ցեղասպան գործողությունների կանխումը հետագայում:



Մարդկությունը չի կարող այլեւս թույլ տալ իրեն ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի հրեական համայնքը միանում է բոլոր նրանց, ով աջակցում է 106-րդ բանաձեւին եւ հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչեն ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ ողջ աշխարահի հրեական համայնքները:



Հայաստանի հրեական համայնքը խնդրում է Հակադիֆամացիոն լիգային բացահայտ աջակցություն ցուցաբերել 106-րդ բանաձեւին, միանալով ԱՄՆ Կոնգրեսի 220 անդամների եւ մարդու իրավունքների շուրջ 50 կազմակերպությունների կարծիքին, որոնք ներկայացնում են միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների, այդ թվում հայտնի հրեաների` ԱՄՆ Կոնգրեսի եւ հրեական հայտնի կազմակերպությունների անդամների կարծիքը: Մենք կոչ ենք անում Ձեզ համագործակցել Ամերիկայի Հայկական համագումարի հետ բանաձեւի առաջխաղացման հարցում»:



Հիշեցնենք, որ օգոստոի 24-ին Հակադիֆամացիոն լիգան, որ գործում է ԱՄՆ-ում, ճանաչել է 1,5 մլն հայերի ջարդերը Օսմանյան կայսրությունում որպես Ցեղասպանություն: ADL-ի տնօրեն Ա.Ֆոքսմանի խոսքերով, որոշումն ընդունվել է պատմաբանների եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հետ այդ հարցի քննարկումներից հետո: «Մենք կիսում ենք Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գնահատականն այն մասին, որ 1915-1918 թթ. իրադարձություններն իսկապես ցեղասպանություն էին»,-ասվում է ADL հայտարարության մեջ: Ընդ որում կազմակերպությունը դեմ է հանդես գալիս 106-րդ բանաձեւին, որի ընդունումը կարող է «վնասել իսրայելա-թուրքական հարաբերություններին եւ վտանգի ենթարկել Թուրքիայի հրեական համայնքին»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---