ԼՂՀ ՊՆ-ն հերքում է՝ ադրբեջանական դիրքերը չեն արկակոծվել

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է՝ ադրբեջանական դիրքերը չեն արկակոծվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, ըստ որի հայկական կողմն իբրև թե արկակոծել է իրենց առաջնային դիրքերը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ»,- ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ.

«Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 7-ին 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինուժն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: 21.10 դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից: Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---