Բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ. Պահանջում են սառեցնել դիվանագիտական հարաբերությունները

Բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ. Պահանջում են սառեցնել դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքը բողոքի ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի։

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողելՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է` Լապշինի արտահանձնումը վկայում է, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձևական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել։ Նա իշխանություններից պահանջում է դիվանագիտական հարաբերությունները սառեցնել Բելառուսի հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պետք է դատապարտել Բելառուսի վարած քաղաքականությունը` արտգործնախարարության մակարդակով։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի անդամ, Բելառուսն էլ միշտ դեմ է քվեարկում Հայաստանին։ Արցախի կյանքը լուսաբանող մարդուն Ադրբեջանին արտահանձնելը, որի կանոնավոր բանակը «Իսլամական պետության» կանոններով է շարժվում, մեկուսացման նախադեպ է»,-ասել է Մարուքյանը։

Նրա խոսքով` Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է հետ կանչվի, իսկ դիվանագիտական հարաբերությունների հարցը պետք է քննարկման առարկա դառնա: «Մենք նման նախադեպ ունենք, երբ Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, մեր հարաբերությունները խզվեցին»,-ասել է Մարությանը, գրում է Sputnik Արմենիան։

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---