13 փետրվարի 2017 - 12:52 AMT
Ադելը 5 Grammy է ստացել. Hello-ն` 2016-ի «Լավագույն երգ»

ԱՄՆ ձայնագրman ակադեմիայի «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխության գլխավոր աստղերն են դարձել Բեյոնսեն պտղաբերության աստվածուհու կերպարով, և Ադելը, որը 5 արձանիկ է նվաճել:

Ադելը բացել է գլխավոր համերգը Hello երգով: Հենց այդ երգն էլ բերեց նրան «Գրեմմի» «Լավագույն երգ», «Լավագույն փոփ կատարում» և «Լավագույն ձայնագրություն անվանակարգերում:

Ադելը նաև մրցանակներ է ստացել «Լավագույն ալբոմ» և «Փոփ երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգերում «25» ձայնասկավառակի համար: Այդպիսով, երգչուհին հաղթել է բոլոր 5 անվանակարգերում, որտեղ ներկայացված էր:

Բեյոնսեն, ներկայացված լինելով 9 անվանակարգում, առաջատար էր այդ առումով, սակայն նվաճեց միայն 2 մրցանակ` «Լավագույն տեսանյութ» Formation-ի համար և «Ժամանակակից քաղաքային երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում Lemonade-ի համար:

Այնուամենայնիվ, «Գրեմմիի» գիշերը հաղթական էր Բեյոնսեի համար, որը ներկայացավ պտղաբերութայն աստվածուհու կերպարով: Երգչուհին, որը փետրվարի 1-ին հայտարարեց, որ երկվորյակների է սպասում, գերեց հանդիսատեսին մայրությանը նվիրված Love Drought և Sandcastles կոմպոզիցիաներով:

«Դասական երաժշտության լավագույն մենակատար վոկալ ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի Յեն Բոսթրիջը Shakespeare Songs ալբոմով և գերմանացի երգչուհի Դորոթի Ռյոշմանի Schumann & Berg ալբոմի համար: «Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Chance the Rapper-ը:

«Գրեմմի»-ն (Grammy) Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958-ի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից: Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաjում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում: Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցել 1959 թ. մայիսի 4-ին: