ԱԳ փոխնախարար. «Մարդու իրավունքներ» եզրույթն անհամատեղելի է Ադրբեջանի հետ

ԱԳ փոխնախարար. «Մարդու իրավունքներ» եզրույթն անհամատեղելի է Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, 1991 թվականին տեղի ունեցած դեպքերը շատ կարևոր է ներկայացնել, որովհետև շատ բաներ աղավաղվում են Ադրբեջանի ջանքերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Սրա անհրաժեշտությունը միշտ էլ եղել է, մինչ այս միջոցառումն էլ շատ բան է արվել: «Մարդու իրավունքներ» եզրույթն ուղղակի անհամատեղելի է Ադրբեջանի հետ», - ասել է Շավարշ Քոչարյանը «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերն ուղղակի ցույց տվեցին, որ այն, ինչ սկսվեց Սումգայիթով, Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է:

«Ավելին, Ադրբեջանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ապրիլին իրենց կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունները, լարվածության պահպանումն իրենց ներքին գործն է, արդեն լրիվ բացահայտում է այդ իշխանության դեմքը: Այսինքն՝ այսքան տարի իրենք ձևացնում են, որ մասնակցում են բանակցային գործընթացին: Իրականում իրենց նպատակը նույնն է, ինչ եղել է ի սկզբանե՝ այն է ցեղասպան քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ», - ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այլընտրանք չունենա:

Ի սկզբանե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում ընդունել է ուժային քաղաքականություն և առ այսօր այդ նույն քաղաքականությունը շարունակվում է: «Եթե առաջ լռում էր այս քաղաքականության մասին՝ հիմա խոսում է բացահայտ», - նշել է Շավարշ Քոչարյանը: Քոչարյանն ընդգծել է, որ Ղարաբաղում գրեթե հումանիտար աղետ էր, սակայն չգիտես ինչու չկար մեծ միջազգային աղմուկ, հայտնում է Aysor.am-ը։

Ստեփանակերտի շրջափակմանն ու այդ տարիներին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին նա անդրադարձավ որպես ականատես: «Հիշում եմ՝ մարդիկ չէին կարողանում իրենց հարազատներին հողին հանձնել, վախենում էին խմբերով հավաքվել ու հարազատներին հողին հանձնելու համար սպասում էին մինչև մառախուղ լինի», - պատմեց Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ խոցվում էին նաև այն ուղղաթիռները, որոնք Ղարաբաղի ժողովրդին պետք է ալյուր, հաց հասցնեին։

«Ժամանակ էր լինում, երբ մեկ ամսվա համար մեկ շնչին 1 կգ ալյուր էլ չէր հասնում», - ասել է Շավարշ Քոչարյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով այն ոգին, որը կար Ղարաբաղի ժողովրդի մոտ անկախ ստեղծված պայմաններից։

Փետրվարի 15-ին Երևանում մենարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ. ձմռանը Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

Միջոցառմանը մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---