Կարայան. Իրանի սահմանին ԱՏԳ-ն կարող է մինչև $500 մլն ներդրում գրավել

Կարայան. Իրանի սահմանին ԱՏԳ-ն կարող է մինչև $500 մլն ներդրում գրավել

PanARMENIAN.Net - Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրով կարելի է ներգրավվել մինչև 500 մլն դոլար ներդրում: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիի և PricewaterhouseCoopers Armenia LLC ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ ուղղորդելու նպատակով:

Կարայանը նշել է, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը շատ կարևոր կարող է լինել:

«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս պատրաստ եք ձեր փորձը և հնարավորւթյունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունն իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»,-նշել է նախարարը:

«Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ»,-նշել է Հենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում ներդրումային նախագծերի ցանկից, և համատեղ աշխատանքներ իրականացնել դրանց ուղղությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 2016-ի դեկտեմբերին հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու հայեցակարգը և ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը: «Նախատեսվում է, որ մինչև ապրիլ մենք արդեն կտանք այդ ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը, որը ևս լայն հնարավորություններ կստեղծի նոր ներդրումային ծրագրերի ներգրավման համար, ինչպես նաև կակտիվացնի Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը»,-ասել է Կարայանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---