Կրթության և գիտության ոլորտում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը 44-ն են

Կրթության և գիտության  ոլորտում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող  ներդրումային ծրագրերը 44-ն են

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության և գիտության ոլորտներում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը թվով 44-ն են:

Ամենամեծ ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը կազմում է 37.5 մլն դոլար. Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է 30 մլն դոլար և 7.5 մլն դոլար ՀՀ կառավարության ներդրումը:

Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825.000 ԱՄՆ դոլար:

ԿԳ նախարարն առանձնացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որն իրականացվում է 2010-ից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ. «Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում»,- նշել է Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն դոլար:

Կրթության ոլորտում իրականցված մասնավոր ներդրումներից ԿԳ նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն. դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակներն աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության համար՝ 1,3 մլն դոլար:

Նախարարի խոսքով՝ լավագույն ծրագրերից է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, որն իրականցվում է Չինաստանի կառավարության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծավալը` չինական կողմից` 10 մլն 552 հազար դոլար է կազմում, իսկ ՀՀ կառավարության կողմից` 2 մլն 474 հազար դոլար:

Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից՝ Վանաձորում կառուցում են SMART կենտրոններ, որտեղ լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016-ին կատարված ներդրումները կազմել են 1.7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2.8 մլն դոլար:

Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով` մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4.4 մլն դոլարի ներդրում:

Ամենամեծ ծրագրերից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում USAID/ASHA-ի աջակցությամբ ուսանողական հանրակացարանի կառուցումն է` ծրագրի ընդհանուր արժեքը` 999 հազար դոլար:

Մկրտչյանի խոսքով, 2017-ին պետք է ուժեղացնել նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել. «Այստեղ լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը:

Նախարարի խոսքով՝ օրինակ ԵՊՀ-ն իր ընդհանուր բյուջեի 10-12 տոկոսն է հատկացնում գիտական ծրագրերին, որը համալսարանի զարգացումն ապահովելու համար բավարար ցուցանիշ չէ:

Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրոււմը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է Շվեյցարիայի /Paul Scherrer Institut (PSI)/, 9,5 մլն դրամ, Գերմանիայի կողմից, 2017թ-ին՝ ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---