Սարգսյան. Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու

Սարգսյան. Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանը թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ: 2018-ից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ:

«Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, որ ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը միայն դրական ազդեցություն է ունենալու:

«Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են:

Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը»,-ասել է նա: :

Սերժ Սարգսյանը հատուկ շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: «Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:

Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,-ասել է նա:

Նշվել է, որ Հայաստանը որպես պետություն, ունակ է կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը` վստահություն հայտնելով, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները:

«Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---