«Ծառուկյան» դաշինքը պարզաբանում է. Ոչ բոլոր ՓՄՁ-ները կազատվեն հարկերից

«Ծառուկյան» դաշինքը պարզաբանում է. Ոչ բոլոր ՓՄՁ-ները կազատվեն հարկերից

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է հարկերից ազատել միայն այն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից և գործում են շրջանառության հարկի, արտոնագրային վճարի կամ հաստատագրծավ վճարի դաշտում:

Այս մասին PanARMENIAN.Net ի զրույցում ասաց դաշինքի մաս կազմած «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով «Որքան կարժենան «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումները» հոդվածում տեղ գտած որոշ կետեր:

«Ընդհանրապես Հայաստանում բացակայում է փոքր և միջին ձեռնարկություն հասկացությունների օրենսդրական սահմանումը: Տարբեր օրենքներում, տարբեր որոշումներում դրանք տարբեր կերպ ու տարբեր չափորոշիչներով են սահմանվում՝ շրջանառության ծավալով, աշխատողների քանակով և այլն: «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագրում, քանի որ խոսքը հարկային բարեփոխման մասին է, առաջնորդվել ենք Հարկային օրենսգրքով և որպես ՓՄՁ նկատի ունենք այն ձեռնարկությունները, որոնք ազատված են ԱԱՀ-ից»,- նշեց Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով, այս խմբում ներառված ձեռնարկությունները տարեկան համընդհանուր մուծում են 18-19 մլրդ դրամ հարկ:

«Այսինքն, բյուջե տարեկան առավելագույնը 20 մլրդ դրամ քիչ գումար կմտնի, սակայն մենք ծրագրային մյուս կետերով կլրացնենք այս բացը. մասնավորապես, խոսքը բնօգտագործողների հարկային բեռն ավելացնելու կետին է վերաբերում»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, որոնք բոլորը միասին այժմ վճարում են տարեկան 20 մլրդ դրամ, իրենց առաջարկած փոփոխություններից հետո ստիպված կլինեն մի քանի անգամ ավելի հարկ մուծել, ինչը կապահովի լրացուցիչ մինչև 70 մլրդ դրամի եկամուտ ՀՀ պետբյուջե:

«Մեր հաշվարկներով, «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 50 մլրդ դրամ (100 մլն դոլար), որը կազմում է բյուջեի ընդամենը 4%: ՀՆԱ տարեկան 5-7 տոկոս աճը ապահովելու է 70 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր: Բացի այդ, ստվերային տնտեսության նույնիսկ 20 տոկոսի վերացումը կապահովի 250 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ: Մնացած գործոնները` ազատ, մրցակցային պայմաններ, բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացում և այլն, նույնպես բերելու են էական ազդեցության` տնտեսական աճի, ներդրումների աճի, բյուջետային մուտքերի ավելացմանը»,- նշում է Մեսրոպ Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօր ՀՀ պետբյուջեի կեսից ավելի ծախսվում է ոչ նպատակային, և անգամ առանց լրացուցիչ գումարի հնարավոր է իրականացնել իրենց ներկայացրած ծրագիրը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը ներկայացրել է մոտավոր հաշվարկ, ըստ որի «Ծառուկյան» դաշինքի առաջարկած տնտեսական բարեփոխումների համար անհրաժեշտ է տարեկան մոտ $1 մլրդ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---