Մոուրինյոն հորդորել է Լյուկ Շոուին օրինակ վերցնել Մխիթարյանից

Մոուրինյոն հորդորել է Լյուկ Շոուին օրինակ վերցնել Մխիթարյանից

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հորդորել է ակումբի ձախակողմյան եզրային պաշտպան Լյուկ Շոուին օրինակ վերցնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Այդ մասին նա հայտարարել է «Սենտ Էտյենի» հետ պատասխան խաղին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է ամեն օր համառորեն մարզվի և պետք է լավ խաղա, այնպես որ Լյուկը ստիպված է լինելու սպասել: Նա պոտենցիալ բազում որակներ ունի, որոնք ինձ դուր են գալիս: Սակայն, ներուժը մի բան է, մարզադաշտ դուրս գալն ու այդ պահին այն որակները դրսևորելը, որոնք ես եմ ուզում տեսնել, այլ բան: Նա պետք է աշխատի այնպես, ինչպես տևական ժամանակ անում էր Հենրիխ Մխիթարյանը»,-հայտարարել է Մոուրինյոն, հայտնում է The World Game-ը:

Հեղինակավոր Goal.com պարբերականի փորձագետ Թոմ Մեստոնը ավելի վաղ ասել էր, որ Մխիթարյանը լավագույն բիզնես գործարքն է ակումբի համար Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»: Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---