Մամեդով. ԵՄ-ն չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Մամեդով. ԵՄ-ն չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը, հրավիրելով Ադրբեջանին ասոցացման համաձայնագիր կնքել, փաստաթղթում չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, գրում է ԱՊԱ գործակալությունը:

«2015-ին, ԵՄ-ն, հրավիրելով Ադրբեջանին ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, փաստաթղթում չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:

2015-ի մայիսին Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Բաքուն որևէ փաստաթուղթ չստորագրեց: Հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման պայմանագրից` Բաքուն պնդում էր, որ ԵՄ հետ հարաբերություններն անհատական ձևաչափ ունենան:

Դեռևս 2014-ին Նովրուզ Մամեդովն ասել էր. «Մի կողմից ԵՄ-ն առաջարկում է Բաքվին ասոցացման համաձայնագիր կնքել, մյուս կողմից օրակարգից բացառում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Եվ ինչպե՞ս մենք պետք է գնահատենք Եվրամիության այս դիրքորոշումը: Անշուշտ, դա ստիպում է Բաքվին լրջորեն մտածել»: Մամեդովը տարակուսել էր, թե գերտերությունների առաջնորդները խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, իսկ Ադրբեջանի մասին ոչ մի խոսք:

«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում էր քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Վերջին երեք երկրը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրեր է կնքել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---