Վարչապետ. Շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում

Վարչապետ. Շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքի ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին: Հանդիպմանը մասնակցել են Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի և Զառիթափ համայնքների ղեկավարները:

Վարչապետը նշել է, որ ընտրվել են այն համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն, որոնք ունեն սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպեր:

«Ցանկանում ենք ձեզ հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերը, թե ի՞նչ եք ակնկալում կառավարությունից, ի՞նչով կարող ենք աջակցել, որպեսզի շարունակեք ոգևորված ու ակտիվ աշխատել»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվանից մարզպետերի, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատվելու է նոր մեթոդաբանությամբ, շատ ավելի խորը վերլուծությամբ:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում, բայց մենք պետք է ձեզ հետ համայնքում, քաղաքում, պետությունում կարգապահություն ապահովենք: Եթե ցանկանում եք ձեր համայնքը զարգացնել, ապա ձեր գործառույթները պետք է հստակ կատարեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ենթակառուցվածքների բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը և համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել ծրագրերը և ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

«Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր և հերթով, կոնկրետ խնդիրները լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- նշել է կառավարության ղեկավարը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---