Լարվածության պատճառով Իրան-Թուրքիա գործարար համաժողովը հետաձգվել է

Լարվածության պատճառով Իրան-Թուրքիա գործարար համաժողովը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Անկարայի և Թեհրանի միջև խորացող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել է Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան:

Թուրքական Diken.com.tr լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը հաղորդում է, որ Թուրքիա-Իրան գործարար խորհրդի նախագահ Բիլգին Այգյուլն այս առիթով արած հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Պարոն նախարարը չի կարողանում մասնակցել, գործարար համաժողովը հետաձգում ենք»:

Համաժողովի հետաձգման որոշումից օրեր առաջ տարածած հայտարարության մեջ ասվել էր, որ գործարար համաժողովը նպատակ ուներ ամենատարբեր ոլորտներում համագործակցության և ներդրումների շնորհիվ 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը 2 տարում հասցնել 30 մլրդ դոլարի:

Նշվում է, որ Զեյբեքչիի այցի ընթացքում նախատեսվում էր Իրանում բացել առաջին խոշոր թուրքական առևտրական կենտրոնը: Այդ կենտրոնում ներկայացվելիք թուրքական ապրանքները այս պահին պահվում են իրանական սահմանային մաքսակետում` իսկ դրանք ներմուծողներին Իրանի իշխանությունների կողմից դեռևս ճանապարհը շարունակելու թույլտվություն չի տրվում:

Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:

Էրդողանի մեղադրանքներին ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է Բաղդադի օրինական խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել ահաբեկչության դեմ:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին»,- ասված էր հայտարարության մեջ:

Դրան հաջորդեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի Իրանի վերաբերյալ ելույթը, երբ վերջինս մեղադրական հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Թերհրանին Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ: Սրան ի պատասխան էլ փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ և զգուշացվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---