Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ կներդրվի

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխման արդյունքում նախատեսվում է միասնական տոմսային համակարգի ներդրում: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրություններն ու առաջարկները:

Հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը,մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Դաբլ Յու Էս Փի. Փարսոնս Բրինքերհոֆ» խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ:

Նիկոյանն ընդգծել է Երևանի երթուղային նոր ցանցի անհրաժեշտությունը, նշել, որ քաղաքապետարանը կարևորում է հատկապես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսների դերը, ինչով պայմանավորված ներկայում հետաքրքրված է տորլեյբուսային ցանցի հնարավոր զարգացմամբ, ինչն իր հերթին որոշակիորեն կբեռնաթափի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ:

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զագացման եվրոպական բանկի միջև գործակցության շրջանակում խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են իրականացված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես դիտարկվել են հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների փոխգործակցության առանձնահատկությունները և գնահատվել կրկնվող ծառայությունների և դրանց անարդյունավետության ծավալը:

Նշվել է, որ քանի որ տրոլեյբուսային ցանցը հանդիսանում է ընդհանուր տրասպորտային համակարգի մի մաս, ապա դրա արդյունավետությունը չի կարող ապահովվել առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման, որն էլ իր հերթին նախատեսված է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:

Միաժամանակ նշվել է, որ երկու ծրագրերի համակցումը թույլ կտա ապահովել ամբողջ տրանսպորտային համակարգի որակի, ծածկույթի բարելավում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համապարփակ և միասնական ցանցի ստեղծում:

Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հույս է հայտնել, որ տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքում հնարավոր կլինեն նաև տրոլեյբուսային ցանցի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրության շուրջ քննարկումները և հետագայում դրանց գործնական ընթացք տալ:

Հունվարի 12-ին կայացել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---