ՊՆ ղեկավար. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հարցում Բաքվի շանտաժի քաղաքականությունն անթույլատրելի է

ՊՆ ղեկավար. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հարցում Բաքվի շանտաժի քաղաքականությունն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկմանն ուղղված Ադրբեջանի նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունն անընդունելի են։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի հետ հանդիպմանը։

ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։

Ներկայացնելով շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից։

Անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժևորել է թե գրասենյակի և թե ընդհանրապես կազմակերպության դերակատարումը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման և մարդու իրավունքների բարելավման գործում։ Շեշտելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ հետ հիմնված է արժեքների և սկզբունքների հիման վրա, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։

Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման և լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման, կազմակերպության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը, հույս հայտնել, որ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ և Հայաստանի շահերին համապատասխան։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության մեխանիզմների շուրջ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---