Քարինջ գյուղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

Քարինջ գյուղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:

Ծրագրի ուսուցումը մեկնարկել է 2016 թ. հունիսին, երբ անհրաժեշտ տեխնոլոգիաների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքներին հաջորդել են խմբակավարի վերապատրաստումն ու դասընթացների սկիզբը։ ԻՏՁՄ մասնագետները շարունակում են ընթացիկ խորհրդատվություն տրամադրել խմբակավարին։

Քարինջի խմբակում ընդգրկված է 11-14 տարեկան 13 երեխա, նրանք հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են «Աղուես», «Կրիայ»/Kturtle ծրագրերը, որից հետո կսկեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ տպիչով և շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ պատրաստել։

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝ ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաև 3D տպիչ սարք և CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։ Երկչափ բաղադրամասերի պատրաստման համար օգտագործվում է շաղափային հաստոցը: Աշակերտները, իրենց հերթին, կարող են 3D տպիչներով և CNC շաղափային հաստոցներով պատրաստել իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալներն ու առարկաները։

Ինժեներական լաբորատորիայի համար նախատեսված սարքերն արտադրված են Հայաստանում։ Լաբորատորիայում օգտագործվում են մինի համակարգիչներ՝ «Լինուքս» օպերացիոն համակարգով և «Աղուէս» ու «Կրիայ» ծրագրավորման միջավայրերով:

«Մենք կարևորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաև համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար և մրցունակ գաղափարներով»,- ընդգծել է ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։

Բացման պաշտոնական արարողությունից հետո լաբորատորիա հաճախող աշակերտներին մրցութային առաջադրանք տրվեց՝ ցուցադրելու յուրացրած գիտելիքները։ Ի դեպ, արդեն 2016 թ. սեպտեմբերին խմբակի 3 մասնակից՝ Տիգրան Մխիթարյան, Աննա Եղինյան, Զինա Սարգսյան, հասցրել են մասնակցել Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին։

ԻՏՁՄ-ի ջանքերով և մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է մոտ 197 ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5000 դպրոցական: Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---