Ընտրությունների նախաձեռնող խումբ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

Ընտրությունների նախաձեռնող խումբ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

PanARMENIAN.Net - Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը:

Խումբը, հայտարարության մեջ հիշեցնելով 2016թ հոկտեմբերի 26-ին Պատրիարքության հոգևոր խորհրդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին «հանգստյան կոչելու» որոշումը, շեշտել է, որ Թուրքիայի հայ համայնքի բոլոր հաստատությունները, ներառյալ պատրիարքարանը, և բոլոր շերտերը համակարծիք են 85-րդ պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության շուրջ:

Խումբը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհապաղ պետք է գործադրվեն ընտրությունների անցկացման համար,«Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

1. Պատրիարքի փոխանորդի պաշտոնը, որը խոչընդոտել է ընտրական գործընթացը, պետք է թափուր հայտարարվի: Պատրիարքի փոխանորդը (Արամ արք. Աթեշյան) պետք է անհապաղ հրաժարական տա և այդպիսով, մեր ավանդույթներին հակասող փոխանորդի պաշտոնը գործնականորեն պետք է վերացվի: Այս պայմանն առաջին քայլն է, որ ճանապարհ կբացի դեպի ընտրական գործընթաց:

2. Ըստ մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը սկսելու համար պետք է պատրիարքի տեղապահ ընտրել:

3. Պետք է ապահովել կամ նոր նախաձեռնող խմբի ընտրությունը, կամ էլ գործող նախաձեռնող խմբի հետագա գործունեությունը, որը ստանձնել է պատրիարքի ընտրությունը կառավարելու պատասխանատվությունը:

4. Պատրիարքի ընտրության օրը որոշելուց հետո Տեղապահի և նախաձեռնող խմբի ստորագրությամբ նահանգապետարանի միջնորդությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնել դիմում, որտեղ գրված կլինի ընտրության ամսաթիվը:

Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ համայնքից ստացած լիազորությամբ հետևելու են գործընթացին և վճռական են տրամադրված կիսատ գործն առողջ մթնոլորտում ավարտին հասնցելու հարցում, ինչպես նաև պատրաստ են ընտրական գործընթացի շարունակության համար անգամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից:

Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:

Կարդացեք նաև՝ Աթեշյանը Հայաստանում է. Նպատակը՝ լուծել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդիրը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---