Զուրաբյան. Ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել

Զուրաբյան. Ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել

PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Ընտրողների ցուցակների հրապարակումը լուծում է 500-600.000 անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը, ինչը նշանակում է, որ կես մլն ձայն կեղծելու հնարավորությունից ու ազատությունից մենք զրկել ենք իշխանությանը»,- ասել է Զուրաբյանը:

Նա կարևորել է նաև 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկների տեղադրումը. տեսախցիկներով ընտրատեղամասերում քվեարկելու է ընտրողների 93 տոկոսը:

«Ըստ էության, դրանք համարյա անհնար են դարձնում, տեղամասերում ընտրակեղծարարությունը, նկատի ունեմ ուրիշի փոխարեն քվեարկությունը»,-ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով, վերահսկման նման մեխանիզմների ներդրումը բերել է մեկ այլ խնդրի. «Բարձրացել են ընտրակաշառքի դրույքաչափերը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ չունի վերջին ապաստանը՝ տեղամասում կեղծելը, հիմա հասկանում են, որ խնդրի լուծման միակ երաշխավորը ընտրակաշառքն է: Իսկ կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Այդ շուկան բարգավաճում է»:

Զուրաբյանի խոսքով, նրան լուրեր են հասել, որ ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 100 դոլար յուրաքանչյուր քվեի համար, գրում է Panorama.am-ը:

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը մտավախություն է հայտնել, որ ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրություն կատարել կաշառքի դիմաց:

«Սա շատ ծանր բան է: Մենք պետք է բացատրենք հասարակությանը: Նրանք պետք է հասկանան, որ այդ քայլով իրենք իրենց երկրի ապագան կեղծում են: Ես կոչ եմ անում մեր բնակչությանը, որ գիտակցված քվեարկություն անեն, հասկանան, որ չի կարելի ապականել երկիրը: Ընտրակաշառքի հարաբերությունների մեջ մտնող մարդը պետք է հասկանա, որ նախ և առաջ ապականում է իր ընտանիքը»,- ասել է նա:

Ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---