ՀՀ նախագահը շնորհավորել է Միշել Լեգրանին հոբելյանի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Միշել Լեգրանին հոբելյանի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ:

«Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում:

Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները,-ասվում է ուղերձում:

Նախագահը նշել է, որ Լեգրանի արվեստը Հայաստանում մեծապես սիրված է և սպասված: «Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միշել Լեգրանը հոբելյանի կապակցությամբ համաշխարհային շրջագայության կմեկնի:

Միշել Ժան Լեգրանը հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---