Անկարան ակնկալում է ԱՄՆ-ից, որ քրդերի ջոկատները կհեռացվեն սիրիական Մանբիջից

Անկարան ակնկալում է ԱՄՆ-ից, որ քրդերի ջոկատները կհեռացվեն սիրիական Մանբիջից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստա է մասնակցել սիրիական Ռաքքայի և Սիրիայի ամբողջ տարածքի ազատագրմանն «Իսլամական պետության» գրոհայիններից:

Փետրվարի 24-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ սիրիական Էլ Բաբն ազատագրվել է ԻՊ գրոհայիններից «Եփրատի վահան» գործողության շրջանակում, որն իրականացնում է թուրքական բանակը սիրիական զինյալ ընդդիմության հետ համատեղ:

Անդրադառնալով «Եփրատի վահան» գործողության հետագա զարգացմանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք է ազատել նաև Մանբիջ քաղաքը, որտեղ գործում են քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG): Նրանք, ըստ Անկարայի, ահաբեկչական կառույց են՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: «Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից, որ վերջինս քայլեր կձեռնարկի Մանբիջից YPG ջոկատների դուրս բերման ուղղությամբ: Հետո ծրագրում ենք Ռաքքայի գործողությունը»,-ասել է Չավուշօղլուն:

Ըստ Չավուշօղլուի, Թուրքիան քննարկել է հետագա քայլերի թեման Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակիցների հետ: «Ռաքքայի թեման քննարկվել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Ճիշտ պլանավորելու դեպքում մենք հեշտությամբ կազատագրենք Սիրիայի տարածքը ԻՊ-ից»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Նա հայտարարել է, թե «Անկարան պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ հետ հարաբերություններում, որի համար կոնկրետ քայլեր են հարկավոր»: «Այդ թվում հարկավոր է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ընդունի անցյալի սխալները»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---