27 փետրվարի 2017 - 12:08 AMT
Մխիթարյանն իր 2-րդ տիտղոսն է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր 2-րդ տիտղոսն է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

2016-ի օգոստոսին ակումբը հաղթեց «Լեսթեր Սիթիին» Անգլիայի սուպերգավաթի մրցաշարում: Հատկանշական է, որ երկու անգամն էլ Մխիթարյանը չի մասնակցել խաղին: Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի անգլիական լիգայի գավաթի խաղարկությանը ոտքի վնասվածքի պատճառով:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հաղթեց «Սաութհեմփթոնին» 3:2 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը միացել է թիմակիցներին՝ տոնելու հաղթանակը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում էր 2:0 հաշվով, հետո «Սաութհեմփթոնին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն վերջում «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց հաղթանակի հասնել: Գոլերի հեղինակ դարձան Ջեսսի Լինգրադն ու Զլաթան Իբրահիմովիչը, որը 2 գոլ իրացրեց: Հաղթական գոլը Իբրահիմովիչը խփեց խաղի 87-րդ րոպեին:

«Սաութհեմփթոնի» կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Մանոլո Գաբյադինին:

Ըստ երկրպագուների հարցման, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 3 լավագույն տրանսֆերների թվում է ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. «ՄՅու» մարզչի նախկին օգնական. Ֆերգյուսոնը դեռ «Շախտյորից» էր հետևում Մխիթարյանին