«Եթե չփորձես, չես կարող թռչել». Տեխնոլոգիական ճամբար է անցկացվել կանանց և աղջիկների համար

«Եթե չփորձես, չես կարող թռչել». Տեխնոլոգիական ճամբար է անցկացվել  կանանց և աղջիկների համար

PanARMENIAN.Net - Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և USAID-ի հետ համագործակցությամբ, փետրվարի 26-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ:

«Եթե չփորձես, չես կարող թռչել» անվանումով ճամբարի թեման վստահության և ուժի կառուցումն էր, որն առցանց վարում էր բիզնեսի և առաջնորդության խորհրդատու, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը:

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում հավաքված մոտ երկու տասնյակ կանայք և աղջիկները նախ ծանոթացել են, թե սեփական եսի որ բացասական կողմերն են խոչընդոտում համաձակությանն ու նոր քայլեր կատարելուն: Ապա մի քանի խմբային աշխատանքների և խաղերի միջոցով մասնակիցները բացահայտել են, թե որն է իրենց տեսլականը, ինչն է խանգարում գտնել դեպի այն տանող ճանապարհը և գործող բիզնեսների վերածել գլխում պտտվող հետաքրքիր գաղափարները:

«Մենք աշխարհն ու երևույթները միշտ ընկալում ենք արդեն սովորական դարձած փաստերի հիման վրա, բայց ամեն ինչ կփոխվի, եթե «նոր ակնոցներ կրենք» կամ փոխենք մեր հայացքն ու այլ շրջանակի մեջ տեղավորենք իրականությունը», - բացատրում էր Հիլարի Վեբերը:

Կրթական ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել նորարարությունը գործարարության մեջ, նաև անդրադառնալ կառավարման ու առաջնորդության հիմքերին: Իսկ խմբային խաղերից մեկի նպատակն էր համոզվել ու համոզել ներկաներին, թե ինչն է գործարարության գլխավոր խթանը: Հաղթող դարձավ «համագործակցության» թիմը, որն առավել պատկերավոր ներկայացրեց համագործակցության առավելությունները գործունեության բոլոր ոլորտների համար:

Հիլարի Վեբերը կրթական թեմատիկ այս ճամբարը մշակել է Girls in Tech կազմակերպության համար և անցկացնում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մասնաճյուղերի համար՝ ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան և Թայվան: Ճամբարը ևս երկու մոդուլ ունի, որոնք բացառապես կանանց գործարարությանն են վերաբերում: Girls in Tech Հայաստանը նպատակ ունի գարնան ընթացքում կազմակերպել նաև այդ երկու մոդուլներն արդեն տեղում՝ Հիլարիի ներկայությամբ էկրանից այս կողմ:

Girls in Tech-ը շահույթ չհետապնդող համաշխարհային կազմակերպություն է, որի նպատակն է ներգրավել, կրթել և առաջ մղել տեխնոլոգիաներով հետաքրքրվող կանանց և աղջիկներին: Այն հիմնվել է 2007թվականին Սան Ֆրանցիսկոյում Ադրիանա Գասկոինի կողմից և այժմ ավելի քան 60 մասնաճյուղերով գործում է աշխարհի տարբեր երկրներում՝ իր շուրջը համախմբելով մոտ 50.000 անդամ: Girls in Tech-ի Հայաստանի մասնաճյուղը հիմնվել է 2016-ին Սեդա Պապոյանի կողմից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---