Սարգսյանը՝ Բրյուսելում. ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխության միակ տարբերակն ինքնորոշման իրավունքի ճանաչումն է

Սարգսյանը՝ Բրյուսելում.  ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխության միակ տարբերակն ինքնորոշման իրավունքի ճանաչումն է

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում:

Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի փորձագետների հետ:

Սարգսյանն իր ելույթում ասել է՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ Նախագահը նշել է՝ այն լուրջ վնաս է հասցրել կարգավորման գործընթացին:

«Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն։

Ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:

Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով, միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:

Սարգսյանը շեշտել է՝ ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

«Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:

Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին», - հավելել է նախագահը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող:

Սարգսյանը շեշտել է՝ և Արցախը, և Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին:

«Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի:

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը:Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին», - ասել է նախագահը:

«Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն», - հավելել է նախագահը:

Նրա խոսքով, կայուն զարգացումը հանրային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Իսկ պետության կտրվածքով առհասարակ որևէ զարգացում չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ ամուր տնտեսության վրա:

Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի Նախագահին, որից հետո Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի տեսակետներն ու գնահատականները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---