ԱՄՆ-ն կհամաֆինանսավորի հայ խաղաղապահների ուսումնական կենտրոնի վերակառուցումը

ԱՄՆ-ն կհամաֆինանսավորի հայ խաղաղապահների ուսումնական կենտրոնի վերակառուցումը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու երկրի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում գործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են և շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր:

«Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի և նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ և արդյունավետ գործակցության հերթական վկայություններից մեկն է: Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- ասել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը պաշտպանական գործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին` որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել նախագիծը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկն է: «Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Այս բարեկամության առանցքային անկյունաքարերից մեկը մեր ռազմական գործակցությունն է և մեր պաշտպանական կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը, որոնք նշանավորելու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ»,- ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---