Պետքարտուղար. ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը

Պետքարտուղար. ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Նալբանդյանն ու Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի մյուս հարցերին ևս, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։

ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։

Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները պաշտոնապես ստանձնել է փետրվարի 2-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---