Ոստիկանությունը բացատրում է ընտրողների թվաքանակի աճը

Ոստիկանությունը բացատրում է ընտրողների թվաքանակի աճը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ: Նշվում է, որ ընտրողների թվի աճի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար այն անհրաժեշտ է համեմատել 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի հետ. այն կազմել է 2.554.332:

Մարտի 3-ին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ, այն է 2.564.734:

Վերջին երկու համապետական ընտրությունների՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի տարբերությունը կազմում է 10.402:

Աղբյուրը հայտնում է, որ համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 57.800 ընտրողներ չեն ընդգրկվել 2017թ-ի ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու (սեփականատիրոջ դիմումով, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, զինվորական ծառայության զորակոչվելու, օտարերկրյա պետություններում հաշվառվելու, ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի հասցեով հաշվառվելու հիմքով), այդ թվում մահվան կապակցությամբ (24.738):

2017թ-ի ցուցակներում ընդգրկվել է 68.202 ընտրող, որոնք ընդգրկված չեն եղել ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում:

Այսպես. 34.448 ընտրողի` լրացել է 18 տարին, իսկ 33.754-ը ընդգրվել է ընտրողների ցուցակներ` բնակչության պետական ռեգիստրում 2015թ-ի դեկտեմբերի 6-ից հետո հաշվառվելու կապակցությամբ (զինվորական ծառայությունից զորացրվելու, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու, 2015թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված չլինելուց հետո հաշվառվելու հիմքով):

Այսպիսով, ընտրողների ռեգիստրից դուրս եկած ընտրողների և նոր ընդգրկված անձանց տարբերությունը կազմում է 10.402 անձ:

Ընտրողների ռեգիստրի աճը բացատրվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես`

ա) 18 տարին լրանալու կապակցությամբ ընտրելու իրավունք ձեռք բերելով,

բ) ՀՀ քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ,

գ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց կողմից հաշվառվելու կապակցությամբ:

«Ինչ վերաբերվում է ռեգիստրում քաղաքացիների կողմից հաշվառում չունենալու հանգամանքին, ապա մինչև բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրական, ինչպես նաև համակարգչային բազայում կատարված ծրագրային փոփոխությունները (2008թ.) արգելված չէր առանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու ՀՀ քաղաքացիներին անձնագիր տալու կամ փոխանակելու գործողությունները, որի արդյունքում որոշակի խումբ ՀՀ քաղաքացիներ թեև փաստաթղթավորված էին ՀՀ քաղաքացու անձնագրերով, այնուհանդերձ, բնակչության պետական ռեգստրում հաշվառում չունեին»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---