ԵՄ հետ ասոցացում, ՓՄՁ-ների հարկերի թեթևացում ու Մեծ հայրենադարձություն. ԵԼՔ-ի նախընտրական խոստումները

ԵՄ հետ ասոցացում, ՓՄՁ-ների հարկերի թեթևացում ու Մեծ հայրենադարձություն. ԵԼՔ-ի նախընտրական խոստումները

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ԵԼՔ դաշինքը ներկայացրել է 11 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը:

ժողովրդի վստահության քվեն ստանալուց և Հայաստանում պետական իշխանությունը ստանձնելուց հետո դաշինքը խոստանում է առաջին հերթին զբաղվել զինված ուժերի բարեփոխմամբ ու արտաքին քաղաքական կուրսի շտկմամբ:

Դաշինքը խոստանում է՝ 5 տարի հետո առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողներ՝ հատուկ աշխատավարձով: Դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: ԵԼՔ-ը պատրաստվում է բանակցություններ վարել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ:

Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք` միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Նաև միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար: Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոցը, ԵԼՔ-ի համոզմամբ, Մեծ հայրենադարձությունն է. «Անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր, այնպես, որ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ իրեն նույնականացնի հայկական պետականության հետ և այն դիտարկի եթե ոչ իր, առնվազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր»:

Կստեղծվի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ ներգաղթի և սփյուռքիներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:

Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր դարձնելու ծրագրով էլ նախատեսվում է 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններն ազատել շահութահարկից, իսկ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունները՝ նաև մաքսատուրքից: Որպես գործազրկության վերացման, բյուջեում ուղղակի հարկերի ավելացման միջոց կդիտարկվի ծանր արդյունաբերությունը, իսկ Էլեկտրաէներգիայի և գազի սակագները կնվազեցվեն 10-15%-ով:

Ծրագրով նաև նախատեսվում է պայքար կոռուպցիայի դեմ, կրթության, բնապահպանության, տրանսպորտի, ու առողջապահության ոլորտներիի բարեփոխում ու մի շարք արտոնություններ գյուղատնտեսությամբ զբաղվողներին:

Դաշինքի ծրագրով նաև նախատեսվում է ՓՄՁ շահերի պաշտպանության ներդրում` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով:

Բացի այդ տարեկան մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով. ընդ որում կսահմանվի եռաստիճան համակարգ՝ մինչև 150 միլիոն դրամ շրջանառություն, մինչև 300 միլիոն դրամ շրջանառություն, մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն, և նշված սանդղակում առավել մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների համար կսահմանվի շրջանառության նվազ դրույքաչափ:

Ընկերությունները հնարավորություն կունենան ընտրել Շրջանառության հարկով կամ ԱԱՀ-ով հարկման դաշտում աշխատելու միջև:

ԵԼՔ դաշինքը նաև խոստանում է, որ պետական բյուջեի եկամուտների մեծացման արդյունքում առնվազն 20 տոկոսով կավելացվեն բյուջետային հիմնարկների աշխատավարձերը և կենսաթոշակները, կսահմանի եկամտահարկի միասնական՝ 20 տոկոս դրույքաչափ, կվերացվեն արհեստական մենաշնորհները և կիրականացնի գույքի կադաստրային իրական արժեքի հաշվառում, որի արդյունքում գույքահարկի մասով տեղական ուղղակի հարկումը կավելանա:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝ ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը

ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում

Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---