ԿԸՀ. Դրամական ու նյութական խոստումների համար «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է

ԿԸՀ. Դրամական ու նյութական խոստումների համար «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սկսած «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է․ «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաև իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի և հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

«Ծառուկյան դաշինքը» գլխավորող Ծառուկյանը, մարտի 7-ին Տավուշի մարզի բնակիչներին խոստանում էր հաշված օրերի, անգամ ժամերի ընթացքում օգնություն տրամադրել։ Իրենից գումար աղերսող տասնյակ քաղաքացիներից մեկին Ծառուկյանը հենց հանրահավաքի ընթացքում ընդառաջել է։

Հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկին, օրինակ, Ծառուկյանը խոստացել է կարճ ժամանակում աջակցել վիրահատության համար: Բուժծառայություններից բացի, միլոնատեր պատգամավորը խոստացել է շենքերից մեկը գազիֆիկացնել, խոստացել է գնել գյուղացիների բերքը, սահմանամերձ գյուղերից մեկին տրամադրել գյուղտեխնիկա, աջակցել քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անսարքությունը վերացնելուն։

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ՝ Տիգրան Մուկուչյանից պահանջելով զգուշացնելու փոխարեն «Ծառուկյան դաշինքի» դեմ վարույթ հարուցել ու համապատասխան որոշում կայացնել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---