Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն դեմ առ դեմ հանդիպել է բրիտանական մոտ 70 ՏՏ ընկերության հետ

Հայկական 17 ՏՏ ձեռնարկություն դեմ առ դեմ հանդիպել է բրիտանական մոտ 70 ՏՏ ընկերության հետ

PanARMENIAN.Net - Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին` British-Armenian B2B Networking Event միջոցառման շրջանակում: Հանդիպումներին մասնակցել է բրիտանական ավելի քան 70 ՏՏ ձեռնարկություն:

«Մասնակցող 17 ձեռնարկությունը մեր երկրում գործող լավագույն ՏՏ ընկերություններից են, և մենք հույս ունենք, որ նրանք Լոնդոնում կհաստատեն կայուն և արդյունավետ բիզնես կապեր: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհետևեն և կաջակցեն, որպեսզի այդ կապերն ավելի ամուր և շարունակական լինեն»,- մարտի 3-ին Երևանում ասել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել էր, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել հայ-բրիտանական տնտեսական կապերը: «Հայաստանը հսկայական ներուժ ունի առաջնահերթ ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ ոլորտն օտարերկրյա ներդրողների համար մագնիսի է վերածվել, ինչը կարևոր խթան է աշխատուժի զարգացման համար, ինչպես նաև կարևոր խթան և արագացուցիչ է Հայաստանի տնտեսական հաջողությունների համար»,- ասել էր դեսպանը:

Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ` «BSC» Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ համատեղ:

Աջակից կառույցներն են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Newable, East Invest բրիտանական ընկերությունները, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---