Կարապետյան. Իրանի հետ առևտուրը կարելի է հասցնել $1 մլրդ-ի

Կարապետյան. Իրանի հետ առևտուրը կարելի է հասցնել $1 մլրդ-ի

PanARMENIAN.Net - Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կարելի է հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին մարտի 12-ին հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում:

«Մենք ունենք հստակ պատկերացումներ, թե ինչ պոտենցիալ ունենք հարևան երկրներում: Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ասել է նա, հաղորդում է Aravot.am-ը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերի ծավալներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:

«Պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակացություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ:

2016 թվականին Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $238 մլն: ՀՀ-ից արտահանումը կազմել է $74.8 մլն, Իրանից ներմուծումը՝ $151.1 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---