15 մարտի 2017 - 09:21 AMT
Պատերազմը ԼՂ խնդրի լուծման միջոց չէ. ՀՀ նախագահը պաշտոնական այցով ՌԴ-ում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 14-ին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նախագահը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Նա բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ ինստիտուտի նախասրահում դիտել է Լազարյաններից ժառանգություն մնացած արժեքավոր մի շարք հրատարակությունների ցուցադրությունը, որը պահվում է բուհի գրադարանում և ցուցադրության է ներկայացվել ՀՀ նախագահի այցի կապակցությամբ: Այնուհետև կայացել է ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո` անցած շուրջ երեք տարվա առևտրատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, Եվրամիության հետ Հայաստանի գործակցության հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վրա այդ փոփոխության հնարավոր ազդեցությանը, ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ներկայումս գործադրվող ջանքերին ու մի շարք այլ թեմաների:

«Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական: Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է նախագահը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է:

Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է տալիս սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներին, քանի որ նրանք այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ամուր հիմքն են` նախագահը ասվածն առավել քան տեղին է համարել Ռուսաստանի դեպքում, որտեղ հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է:

ՀՀ դեսպանությունում Հանրապետության նախագահը երեկոյան հանդիպում է ունեցել ռուսաստանյան պետական, քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինի հետ: Նախագահը Սերգեյ Ստեպաշինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնային համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: