ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ընտրակեղծիքները միայն քվեարկության օրն ընտրատեղամասում չեն լինում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ընտրակեղծիքները միայն քվեարկության օրն ընտրատեղամասում չեն լինում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

ԱՄՆ դեսպանը, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ տեղամասերում տեղադրված նոր տեխնիկական սարքավորումները կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները քվեարկության օրը և նաև կօգնեն մեծացնել ընտրողների վստահությունն ընտրական գործընթացի ու ընտրության արդյունքների նկատմամբ: Կարևոր է սակայն հիշել, որ ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում: Դրանք կարող են նաև ստվեր նետել ներկայումս Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ընթացող ընտրարշավի մթնոլորտի վրա:

Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատական տալիս թե՛ մենք, թե՛ միջազգային հանրության մնացյալ մասը քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները՝ ընտրարշավի ընթացքից մինչև քվեարկություն ու ձայների հաշվարկ»:

Բաղդասարյանը ընդգծել է ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և նշել է, որ կարևորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով ամփոփման և այլ հիմնախնդիրների: Դեսպանի առաջարկով Բաղդասարյանը ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքական առաջնահերթությունները, ընտրական գործընթացի դրական և բացասական կողմերը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։

«Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները և նպատակ ունի հայ ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասել էր Միլսը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---