The Next Web. Հայաստանը՝ նախկին ԽՍՀՄ սիլիկոնյան հովիտ

The Next Web. Հայաստանը՝ նախկին ԽՍՀՄ սիլիկոնյան հովիտ

PanARMENIAN.Net - Հայաստանը, նախկին ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտը, դարձել է սկսնակ ընկերությունների ծաղկուն կենտրոն՝ համընդհանուր ճանաչում ստանալով: Այդ մասին ասվում է ucraft.com-ի հիմնադիր, կայքերի մշակող Գև Բալյանի The Next Web-ում հրապարակված հոդվածում:

«Հայաստանը ժամանակին ՏՏ նորարարությունների կենտրոնն էր ԽՍՀՄ-ում: Պատմական բուռն իրադարձությունների պատճառով երկրի տնտեսությունը փլուզվեց, սակայն կովկասյան այդ հանրապետության գործերը կարծես կարգավորվում են: Բարձր որակավորում ունեցող, հետխորհրդային ինժեներային կադրերն ու սփյուռքը, կառավարության նոր նախաձեռնությունների հետ մեկտեղ, նպաստում են ՏՏ ոլորտի նոր զարգացմանը Հայաստանում»,-գրել է Բալյանը:

ՀՀ տեխնոլոգիական ինդուստրիան տարեկան 20% աճ է արձանագրում: ՏՏ ոլորտի 400 հայաստանյան ընկերություններից մի մասի ամենամյա եկամուտը հասնում է $475 մլն, իսկ 2018-ին, ըստ գնահատականների, այդ ոլորտը գերակա է լինելու երկրի տնտեսության մեջ:

Հոդվածում հեղինակը պատմում է մի շարք հաջողակ սկսնակ ընկերությունների մասին: Դրանց թվում է նաև բուքմեքերային, այդ թվում նաև առցանց, գործունեության բետինգային լուծումներ, ինչպես նաև առցանց կազինոների համար ապրանքներ և ծառայություններ մշակող BetConstruct ընկերությունը, որը հիմնվել է 2003-ին Երևանում: Այսօրվա դրությամբ ընկերությունը գրասենյակներ ունի ամբողջ աշխարհում և գործակցում է ավելի քան 140 գործընկերոջ հետ՝ հնարավորութուն տալով նրանց ապահովել իրենց խաղացողներին բուքմեքերային և խաղային բիզնեսի նորագույն պրոդուկտներով:

Հոդվածում անդրադարձ կա նաև Երևանում գործող հայկական Triada Studio ընկերությանը, որը մեծ ճանաչում ստացած Shadowmatic գլուխկոտրուկ խաղի մշակողն է: Խաղն, ինչպես հայտնի է, արժանացել է Apple Design Awards-ի, ինչպես նաև բազում այլ միջազգային մրցանակների: Triada Studio-ն հիմնավել է 1993-ին որպես համակարգչային գրաֆիկայի և անիմացիայի ստուդիա: Ընկերության հիմնադիրն է Արա Աղամյանը:

Հեղինակը չի շրջանցել նաև ամենահայտնի և հաջողակ հայկական հավելվածներից մեկը՝ PicsArt-ը: 5 տարի առաջ գործարկված լուսանկարների խմբագիրը $45 մլն ընդհանուր առմամաբ մլն վենչուրային ներդրում է ներգրավել: Սկսնակ ընկերության գլխավոր տնօրենը Հովհաննես Ավոյանն է: Ընկերությունը 200 աշխատակից ունի Հայաստանում և ևս 25 աշխատակից ընկերության Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանում: 2015-ին հավելվածը ներառվել է Forbes ամսագրի «2015-ի ամենահաջողակ սկսնակ ընկերությունները» վարկանիշում:

Հոդվածում ասվում է նաև Թումո նորարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաների հետ: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը: Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում:

Տեխնիկական աշխարհում ազդեցություն ունեցող մարդիկ ջանքեր են գործադրում ՀՀ և ԱՄՆ միջև կապերի ամրապնդման ուղղությամբ: 2016-ի մարտին Triada Studio-ի ղեկավար Աղամյանը նամակ էր գրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ պարզաբանելով տեխնիկական ընկերակցության դերը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման գործում: Նա նախագահի ուշադրությունը հրավիրել է կրկնակի հարկման խնդրի վրա, որը վանում է օտարերկրացի ներդրողներին և սահմանափակում է ձեռնարկությունների աճը Հայաստանում:

Shadowmatic-ը միակ ստարտափը չէ, որը մատնանշում է այդ խնդիրը: PicsArt-ը, Microsoft-ը, FedEX-ը, NASDAQ-ը, Marriott-ը, Grant Thornton-ը ևս կողմ են արտահայտվել ավելի լայն տնտեսական հարաբերություններին, ինչը կնպաստի աճի հնարավորությանը երկրի ներսում:

Հայաստանում գործող ՏՏ ոլորտի մեծ ընկերություններից շատերը, ինչպես, օրինակ, Microsoft-ը, Google-ը և Oracle-ը, կենտրոնակայաններ ունեն երկրում ծրագրավորողների թիմերով: Հարկ է հիշատակել նաև այնպիսի հսկաների, ինչպիսիք են Intel-ը, Synopsys-ը, D-Link-ը և VMWare-ը, որոնք նույնպես ներկայացուցչություններ ունեն երկրում:

Երևանում 2 ազատ տնտեսական գոտի կա՝ «Ալյանսը» և «Մերիդիանը», որտեղ որոշակի պահանջների համապատասխան սկսնակ ձեռնարկությունները կարող են աշխատել առանց ԱԱՀ, շահութահարկի, գույքահարկի, ինչպես նաև առանց մաքսատուրք վճարելու:

Սիլիկոնյան հովիտն ամենամեծ ու նշանակալի տեխնիկական կլաստերն է աշխարհում: Սիլիկոնյան հովտում են գտնվում Facebook-ի, Google-ի, Amazon-ի, Apple-ի և ՏՏ ոլորտի հարյուրավոր այլ ընկերությունների գլխամասերը:

Ընթերցեք նաև. Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները»

Հայկական 5 հավելված, որոնք կթեթևացնեն կյանքը ճամփորդության ժամանակ

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---