Արամյանցի տան վերականգնմամբ կզբաղվի «Տաշիր» հիմնադրամը

Արամյանցի տան վերականգնմամբ կզբաղվի «Տաշիր» հիմնադրամը

PanARMENIAN.Net - «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին մարտի 19-ին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ:

Ախթալայում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Կարապետյանը շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան վիճակին:

«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Ավեի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Արամյանցի տուն-ամառանոցի վերականգնումը կարող է կատարվել կառույցի և տարածքի նկատմամբ ՀՀ գույքային իրավունքները հաստատելուց, վերականգնման աշխատանքների նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելուց և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո:

Այնուհետև Կարեն Կարապետյանին են ներկայացվել Ախթալայի առաջանցիկ զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը, որտեղ կլինեն ֆրանսիական ոճով հյուրատներ, ռեստորաններ, ծառայությունների մատուցման օբյեկտներ և այլն: Ֆրանսիական թաղամասի ծրագիրը գնահատվում է 3 միլիարդ դրամ: Կարեն Կարապետյանը կարևորել է Ախթալայի զարգացումը և նշել, որ համայնքի ղեկավարից ակնկալում է ծրագրերի առարկայական ներկայացում ինչպես կառավարությանը, այնպես էլ մասնավոր հատվածին և դրանց իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանք:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարը եղել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարանում: Այն շահագործման է հանձնվելու ընթացիկ մարտի 29-ին:

Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել նախակրթարանով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և պարագաներով: Ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներդրել է շուրջ 1 մլն դոլար: Լոռու մարզում կառուցվում է նմանատիպ հինգ նախակրթարան:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ, իսկ ծննդատան մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ներդնելով 1 մլրդ 200 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը և բնակչությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ ծանոթացել արտադրանքին, արտահանման և զարգացման ծրագրերին: «Գլորիա»-ն հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Նշվել է, որ ներկայում ֆաբրիկան ապահովում է շուրջ 800 աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմում է 90-110 հազար դրամ, արտադրանքն արտահանվում է Իտալիա և Գերմանիա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---