ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ակտիվ է լինելու սոցցանցերում

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ակտիվ է լինելու սոցցանցերում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը մտադիր է ակտիվ աշխատանքներ իրականացնել սոցցանցերում և համագործակցել բլոգերների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:

Դեսպանն արդեն սկսել է աշխատել «արտակարգ ռեժիմով», քանի որ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք միջոցառումներ համընկել են, մասնավորապես` Հայաստանի նախագահի այցը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, դեսպանը հայտնել է, որ դեսպանատունը ծրագրում է առավելագույնս բաց աշխատել մամուլի համար։ «Մենք առավելագույնս բաց կլինենք ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ԶԼՄ-ների համար։ Մենք կզարգացնենք աշխատանքը սոցցանցերում և բլոգերների հետ։ Սոցցանցերում արդեն դեսպանատան էջեր են բացվել։ Տեղեկատվական հասարակության պայմաններում, երբ երիտասարդությունն անընդհատ համացանցում է, մենք շատ ակտիվ կլինենք այնտեղ»,-նշել է Տողանյանը։

Նրա խոսքով` դիվանագիտական բուհերում սովորող ուսանողներն էլ կներգրավվեն կամավորական աշխատանքներին։ Խոսքը, ըստ նրա, ոչ այնքան դիվանագիտական աշխատանքի, որքան երկրի դրական վարկանիշի առաջխաղացման մասին է։

«Աշխատանքներ են տարվելու ոչ միայն Մոսկվայում, այլև ամբողջ Ռուսաստանում, այդ թվում Հեռավոր Արևելքում», -ասել է Տողանյանը։

Որպես առաջին օրինակ նա նշել է «Իզվեստիա» թերթի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` կապված հայտնի մարշալ Բաղրամյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման հետ։

Դեսպանատան գործունեության մեկ այլ կարևոր ուղղություններից կլինի Հայաստանում ներդրումների ներգրավման աշխատանքները։ Նրա խոսքով` Հայաստանի նախագահի այցի ընթացքում կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ Այս ուղղությամբ դեսպանատունը նույնպես ակտիվ է գործելու։

«Հետաքրքիր մտահղացումներ կան Ռուսաստանի գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների հետ առանձին բիզնես ծրագրերի ստեղծման վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում, իհարկե, կոնկրետ քայլեր և ներդրումներ կարվեն»,-վստահեցրել է Տողանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել: Նախագահը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակել Վարդան Տողանյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---