Քավանո. ԼՂ հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին

Քավանո. ԼՂ հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն:

2001թ. Քավանոն եղել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Քի Վեսթի բանակցությունների ակտիվ մասնակից:

«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին և Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա», ասել է Քավանոն, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ:

«Նախագահ Թրամփը և պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է,-ասել է նա»:

Նախկին դիվանագետը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ: «Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»,-ասել է նա:

Քերի Քավանոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ և Վաշինգտոնը, և Մոսկվան և Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։

«Սա անշուշտ սառեցված հակամարտություն չէ, այլ դանդաղ շիկացող մի հակամարտություն, որը լուրջ ուշադրություն է պահանջում»,-ասել է նա:

Նախկին միջնորդի խոսքով, իրեն անհանգստացնում է երեք հանգամանք: Եթե մեկ տասնամյակ առաջ կողմերի միջև համակարգված և մշտական բանակցություններ էին ընթանում, ապա այժմ խաղաղ բանակցությունները դադարեցվել են: Մեկ տասնամյակ առաջ սահմանային հիմնական խնդիրը դիպուկահարների կրակոցներն էին, իսկ այսօր գործի են դրվում հրետանին, դրոններն ու տանկերը: Վերջապես, միջնորդների առաջարկները շփման գծում հատուկ սարքավորումներ տեղադրելու վերաբերյալ չեն իրականացվում:

«Հանկարծակի, մենք լսում ենք Ադրբեջանից, որ այն չի ցանկանում դա կյանքի կոչել, այնպես որ փոխվստահության այդ միջոցները հնարավոր չէ կյանքի կոչել»,-ասել է նա:

Քավանոյի խոսքով, սարքավորումների տեղադրումը միջնորդներին հնարավորություն կտար հրադադարը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Միևնույն ժամանակ, Քերի Քավանոն հիշեցնում է, որ թեև միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա, խաղաղության հասնելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա:

«Միջնորդները չեն կարող խաղաղություն ցանկանալ ավելի շատ, քան իրենք՝ կողմերը, և հենց կողմերն իրենք պետք է հասնեն խնդրի կարգավորմանը»,-ասել է նա:

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

2016-ի մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---