Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ցեղասպանության կանխման բանաձևի նախագիծը շեշտում է, որ «Հայոց ցեղասպանության պատշաճ հիշատակումը և հետևողական դատապարտումը կամրապնդի արդի ցեղասպանությունների կանխման միջազգային դիրքորոշումը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախագիծը, հենվելով Միջին Արևելքի փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործադրած ցեղասպանության՝ 2016 թվականին Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական ճանաչման վրա, կոչ է անում․ «Միացյալ Նահանգները, ձգտելով կանխել պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և քրիստոնյաների, եզդիների, մահմեդականների, քրդերի և Միջին Արևելքում այլ խոցելի կրոնական ու էթնիկ խմբերի դեմ ցեղասպանությունը, պետք է հենվի Հայոց ցեղասպանությանը, Սեյֆոյին (ասորիների ցեղասպանության) և իրենց բիբլիական դարաշրջանի հայրենիքներում հայերի, ասորիների, քաղդեացիների, հույների, պոնտոսցի հույների և այլ քրիստոնյաների դեմ Օսմանյան կայսրության ավելի լայն ցեղասպանական արշավին Միացյալ Նահանգների կառավարության, քաղաքացիական հասարակության, և մարդասիրական արձագանքի վրա»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին և Թրոթին, ինչպես նաև օրինագծի հովանավոր մյուս կոնգրեսականներին, հայտարարելով, որ առաջիկա օրերին ու շաբաթներին իրենք աշխատանքներ կտանեն կոնգրեսականների հետ՝ ապահովելու բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատում:

Նախագծի սկզբնական հովանավորներն են 16 կոնգրեսականներ:

Բանաձևի նախագիծը շրջանառության մեջ դնելու օրն իսկ Կոնգրեսի շենքում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը, որի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է, դերակատարը՝ նույնպես օսկարակիր Քրիստիան Բեյլը:

Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Հայկական հարցերով հանձնախումբը նաև կոնգրեսականների ստորագրություններ է հավաքում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---