ԱԱԾ. ՀՀ «Իգլա» ապօրինի ներկրման դեպքով Վրաստանի իրավապահների հետ համատեղ աշխատանք է տարվում

ԱԱԾ. ՀՀ «Իգլա» ապօրինի ներկրման դեպքով Վրաստանի իրավապահների հետ համատեղ աշխատանք է տարվում

PanARMENIAN.Net - Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

Այս մասին տեղեկացնում էՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

2017թ. մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ 9M39 հրթիռով։

Դեպքի առթիվ մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը,որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ ԱԱԾ-ի համաձայն՝ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Կարդացեք նաև՝ Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---