10 տարում տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշը ՀՀ-ում նվազել է մոտ 2, մահացության՝ 3 անգամ

10 տարում տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշը ՀՀ-ում նվազել է մոտ 2, մահացության՝ 3 անգամ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարվա կարգախոսն է. «Միասին վերացնենք տուբերկուլոզը»:

Իրականացվող միջոցառումների նպատակն է համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:

Նախորդ 10 տարվա ընթացքում Հայաստանում հիվանդացության ցուցանիշը նվազել է մոտ երկու, իսկ մահացությանը` երեք անգամ։

Այսօր տուբերկուլոզը բավական ուսումնասիրված հիվանդություն է: Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Տուբերկուլոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք:

Տուբերկուլոզի ախտանշաններն են՝ հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի, արյան առկայություն խորխում/արնախխում, գիշերային քրտնարտադրություն, երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C), հևոց, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն:

Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Տուբերկուլոզի կասկածի դեպքում առաջնային օղակի բժիշկը կուղղորդի մասնագետի մոտ` կազմակերպելու անհրաժեշտ հետազոտությունները: Հիվանդության ախտորոշման դեպքում կկազմակերպվի համապատասխան բուժում, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, սակայն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---