Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները մրցանակներ են ստացել

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները մրցանակներ են ստացել

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստերի մրցանակների հանձնման արարողությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի 2016-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Լավագույն մարզիչ է ճանաչվել «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Մրցանակները հանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 7-րդ անգամ և 6-րդ տարին անընդմեջ:

Լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանը նշել է, որ թեպետ այս պարգևն իր համար ոչ բացառիկ էր, ոչ էլ անակնկալ, այդուհանդերձ շատ ուրախ է կրկին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

«Այս մրցանակն ինձ հետագայում մեծ ուժ կտա, կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի կրկին արժանանամ լավագույնի կոչմանը: Ցանկացած դեպքում խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ, առաջին հերթին, ինքս ինձ համար, իմ ազգի համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե Անգլիայում, թե ամբողջ աշխարհում:

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մասին իմանան հնարավորինս շատ մարդիկ: Ֆիքսվում եմ իմ խաղի, մարզումների և մրցելույթների վրա և ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում: Շարժվում եմ առաջ և փորձում եմ հասնել իմ նպատակներին»,- ասել է Մխիթարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---