«Սասնա ծռերն» աջակցում են «հետընտրական ընդվզման գործողությունների» պատրաստ ուժերին

«Սասնա ծռերն» աջակցում են «հետընտրական ընդվզման գործողությունների» պատրաստ ուժերին

PanARMENIAN.Net - Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և «Սասնա ծռերը» ուղերձ են տարածել ընտրություններին ընդառաջ: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ ընտրությունները մերժող և «ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաև ներկայումս տեղի ունեցող «ընտրությունները»:

«Հատկապես «Հաց բերող» Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, «ՕՐՕ դաշինքի» նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը և անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, «Ծառուկյանի դաշինքի» համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը և ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ և հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի և քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները: Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում»,-ասվում է ուղերձում, որը ստորագրել են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:

Ուղերձում ասվում է, որ տարածված և դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց:

Նշվում է, սակայն, որ շատ քաղաքացիներ ընդվզմանը դեռևս պատրաստ չլինելով, հակված են մասնակցելու ընտրություններին, տարբեր պատճառներով այդպես են վարվում նաև շատ քաղաքական ուժեր:

«Դրա հետևանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին: Որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետևյալ մարտավարությունը.

ա) բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում համադրել բոյկոտի մոբիլիզացնող և ապալեգիտիմացնող կարողությունը և ընտրությունների ներառական ներուժը,

բ) այն քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին և սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթաց,

գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում կոչ է արվում ընդդիմադիր քաղաքական ուժերին քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով, իսկ այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկվում է միանալ այդ ժամանակ, Ըստ ՀԽ և «Սասնա ծռերի» պատկերացման, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ:

Նշվում է, որ ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100 օր), ունենա օրենսդիր և գործադիր արտակարգ լիազորություններ և բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման և համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ըստ հեղինակների, ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի և կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները:

«Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին և ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը»,-ասվում է ուղերձում:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---