ԱՄՆ կոնգրեսական. Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի

ԱՄՆ կոնգրեսական. Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: Այդ մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվ Թրոթը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները:

«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է մեկընդմիշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարևոր է նաև հայ ժողովրդի համար», ասել է կոնգրեսականը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը: Կոնգրեսականի խոսքով, նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն, վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել:

«Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»,-ասել է նա:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը նշել է, որ այսօր Մեծ եղեռնը հայտնի և ճանաչված է աշխարհում ավելի քան երբևէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:

Կոնգրեսականը հիշեցրել է նաև, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետևելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ և դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում:

«Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություններ, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»,-ասել է կոնգրեսականը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ: Դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---